Մսի ընտրության հիմնական չափանիշները
Մսի ընտրության հիմնական չափանիշները
2022-08-15 17:09:36
2770
Միսը հանդիսանում է մեր կողմից օգտագործվող հնագույն մթերքներից մեկը: Եվ չնայած դրան, մեզանից շատերը մինչ օրս չգիտեն, թե ինչպես ճիշտ ընտրեն այն:
Խուսափելու համար առողջության հետ կապված անախորժություններից, հետևեք մի քանի պարզ կանոնների:
Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը: ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետևյալ տվյալները՝
- Միսը վաճառողի անունը, ազգանունը
- Կենդանու տեսակը
- Հատ/կշիռ
- ԱԲՍՓ համարը
- ԱԲՍՓ տրման ամսաթիվ
- Ուղեկցող անասնաբուժական վկայականի համարը
- Թարմ մսի կշիռը
- Մնացորդի կշիռը
Երկրորդ՝ միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը:
Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ՝ օրենսդությամբ նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով: Կենդանու վրա դրոշմված 40 x 60 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:
Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`
ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.
բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.
գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.
դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին:
Եթե ընտրում եք սառեցված միս, ապա գնելու դեպքում հիմնական չափանիշը դրա թարմության աստիճանն է:
Երրորդ՝ եթե գնում եք նախորդ օրվա միս, պահանջեք կրկնակի փորձաքննությունը հաստատող թերթիկը:
Բացի այս ամենից, արժե հիշել մսի որակի մասին նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին: