Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ
2026-06-07 00:00:00
80

Հարգելի՛ քաղաքացիներ
Այսօր՝ հունիսի 7-ին, աշխարհը նշում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա միայն օրացուցային օր չէ, այլ կարևոր հիշեցում, որ անվտանգ սնունդն արժանապատիվ ու առողջ կյանքի հիմքն է։
Որպես ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ ցանկանում եմ ընդգծել, որ մեր ամենօրյա աշխատանքի առանցքում մեկ գերակա նպատակ է՝ ապահովել, որ Հայաստանում սպառվող սնունդը լինի անվտանգ, որակյալ և վստահելի։
Անվտանգ սննդի շղթան սկսվում է դաշտից ու ֆերմայից և ավարտվում մեր սեղաններին։ Այս շղթայի անխափան ու անվտանգ գործունեությունը հնարավոր է միայն համատեղ պատասխանատվության շնորհիվ.
տնտեսվարողների համար սննդի անվտանգության նորմերի պահպանումը պետք է լինի ոչ թե պարտադրանք, այլ բիզնեսի հեղինակության և արժանապատվության հարց,
Տեսչական մարմնի համար վերահսկողությունը ոչ թե պատժիչ գործիք է, այլ աջակցության, ուղղորդման և սպառողի իրավունքների պաշտպանության երաշխիք,
Սպառողների համար գիտակից ու պահանջատեր լինելը լավագույն լծակն է շուկայում բարձր որակ ապահովելու համար։
Մենք շարունակում ենք կատարելագործել վերահսկողական մեխանիզմները, ներդնել միջազգային լավագույն չափանիշները և արդիականացնել լաբորատոր կարողությունները։
Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ «Արտադրված է Հայաստանում» պիտակը կլինի որակի և անվտանգության հոմանիշ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Հիշեցնեմ` սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։