ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2026-04-01 18:02:19
50
Այսօր Երևանում մեկնարկել է անասնաբուժական աշխատուժի զարգացման ազգային եռօրյա աշխատաժողովը, որը կազմակերպվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ջանքերով:
Աշխատաժողովի նպատակն է ոլորտը կարգավորող մարմինների, կրթական, գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև «Մեկ առողջություն» մոտեցմամբ գործող գործընկերների հետ համատեղ քննարկել երկրի հանրային առողջապահության և կենսաբանական անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչի՝ անասնաբուժության ոլորտի կադրային ռեսուրսների գնահատման և պլանավորման առաջնահերթությունները:
Ողջունելով մասնակիցներին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անասնաբուժության ոլորտում մարդկային կապիտալի զարգացումը պետք է դառնա մեր առաջնահերթություններից մեկը: «Համոզված եմ՝ այս աշխատաժողովի ընթացքում, մենք կկարողանանք ոչ միայն քննարկել առկա խնդիրները, այլև մշակել կոնկրետ ու գործնական լուծումներ՝ սկսած կրթական ծրագրերի կատարելագործումից մինչև երիտասարդների համար մասնագիտական գրավչության բարձրացում: Մեր աշխատանքը կառուցվում է «Մեկ առողջություն» գաղափարի շրջանակում, որն ընդգծում է մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության անխախտելի կապը»,- շեշտել է ՍԱՏՄ ղեկավարը:
ԿԱՀԿ Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մերեկե Տայտուբաևը ևս անդրադարձել է անասնաբուժական ծառայությունների՝ ի դեմս ՍԱՏՄ-ի, կադրային ներուժի զարգացման անհրաժեշտությանը, ինչն, ըստ բանախոսի, հիմնարար նշանակություն ունի այդ համակարգերի կայունության համար: «Ինչպես կարևորեց ՍԱՏՄ ղեկավարը, մեր ջանքերը ևս ուղղված են «Մեկ առողջություն» սկզբունքի կյանքի կոչմանը: Անասնաբուժական կադրերի էֆեկտիվությունը բարձրացնելով՝ մենք նպաստում ենք երկրների՝ անասնահամաճարակային իրավիճակին և անդրսահմանային հիվանդությունների ներթափնցման վտանգին արագ և արդյունավետ արձագանքելու կարողությունների բարձրացմանը»,- ասել է պարոն Տայտուբաևը:
Աշխատաժողովի մասնակիցները առաջիկա օրերին կծանոթանան Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH) կարողությունների զարգացման մեթոդաբանությանը, ուղեցույցներին և գործիքներին, կքննարկեն գնահատման և պլանավորման համապատասխան մոտեցումները՝ հարմարեցնելով ազգային համատեքստին, կմշակեն առաջնահերթ գործողությունների ցանկ և կփորձեն նախագծել ազգային աշխատուժի զարգացման ճանապարհային քարտեզ։
Ամփոփելով այս կարևոր միջոցառման առաջին օրվա արդյունքները՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անասնաբուժական ներուժի զարգացման ծրագրի տարածաշրջանային համակարգող Դմիտրի Մորոզովը վստահություն է հայտնել, որ աշխատաժողովի ավարտին արդեն մասնակիցները կկարողանան կողմնորոշվել ԿԱՀԿ էլեկտրոնային ուսուցման հարթակում և գտնել համապատասխան առցանց դասընթացներ՝ իրենց մասնագիտական հմտությունների և աշխատուժի կարողությունների զարգացմանը նպաստելու համար։