ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԴԱՆԿՎԵՐՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԴԱՆԿՎԵՐՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2026-01-15 18:00:06
126
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ՝ քննարկելու ընթացիկ տարվա ընթացքում երկու երկրների լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքները։
Սերգեյ Դանկվերտը գոհունակություն է հայտնել սահմանային անցակետերում բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողության զգալի բարելավման կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ, համատեղ ջանքերի շնորհիվ, ապրանքների չներկայացման դեպքերը ավելի քան 70 տոկոսից նվազել են մինչև 6 տոկոսի։
Կայացած բանակցությունների արդյունքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքների ներկայացմամբ, կվերականգնվեն նաև «Ռոկ Բերի» ՍՊԸ-ի կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի մատակարարումները։
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել և վերականգնել մատակարարումները նաև այլ ձեռնարկություններից՝ այն դեպքերում, երբ կներկայացվեն անհրաժեշտ նյութերը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները։
Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հետաքրքրվածությունը կենդանիների տարբեր հիվանդությունների դեմ ռուսական պատվաստանյութերի ներմուծման հարցում։
Բացի այդ, կողմերը քննարկել են ՖԳԻՍ «Արգուս-Ֆիտո» և ԱԻՍ «Արմֆիտոս» տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որն իրականացվում է բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի տեղաշարժի հետագծելիության ապահովման նպատակով։ Ներկայումս տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, իսկ Ռոսսելխոզնադզորի կողմից կապահովվի տվյալների փոխանակման լիարժեք տեխնիկական հնարավորություն։