ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ
2025-11-05 10:32:05
53
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Առևտրի խթանման գլոբալ դաշինքի (GATF) համատեղ նախաձեռնությունը բուսասանիտարական վկայականների փոխանակման գործընթացի թվայնացմանն ուղղված կարևոր քայլ է, որը միջազգային գյուղատնտեսական առևտրի առանցքային պահանջ է։ Նախագիծը հնարավորություն կտա Տեսչական մարմնին էլեկտրոնային բուսասանիտարական վկայականներ կամ «ePhyto»-ներ փոխանակել Բույսերի պահպանության միջազգային կոնվենցիայի (IPPC) հարթակի միջոցով՝ բարձրացնելով տեղական առևտրի մրցունակությունը և ստեղծելով նոր հնարավորություններ հայկական արտահանողների համար Եվրոպական Միության և այլ միջազգային շուկաներում։
Ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի բացմանը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ այն կհեշտացնի ԵՄ-ի և այլ երկրների հետ ապրանքների փոխանակումը՝ միաժամանակ արագացնելով արտահանման գործընթացները:
ICC-Հայաստանի ներկայացուցիչ Կարել Հոֆստրան իր ելույթում նշել է, որ արտահանողների համար փաստաթղթային բեռի նվազեցման ցանկացած քայլ ՍԱՏՄ-ի կողմից հստակ ազդակ է՝ ոլորտի զարգացմանը և տարբեր շուկաների հասանելիությանը աջակցելու ուղղությամբ։
Այս նախաձեռնությունը նաև «Գյուղտնտեսական տրանսպորտային համակարգերի կատարելագործում Հայաստանում» ծրագրի բաղադրիչ է, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրոմը խոսել է աջակցության նպատակների մասին՝ շեշտելով, որ այն կբարելավի Հայաստանի բուսասանիտարական հսկման հիմնական ընթացակարգերը և կդյուրացնի ապրանքների փոխանակումը ԵՄ-ի հետ։ Ըստ նրա՝ այս նախագիծը ցույց կտա, թե ինչպես կարող է միջազգային համագործակցությունը հանգեցնել առևտրի և կարգավորումների արդիականացման գործնական ու արդյունավետ լուծումների:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
IPPC-ի և ՄԱԿ-ի Միջազգային հաշվարկային կենտրոնի (UNICC) կողմից մշակված ePhyto-ի կիրառումը վերացնում է թղթային վկայականների հետ կապված բազմաթիվ թերություններ՝
►նվազեցնում է փաստաթղթերի կորստի, վնասման կամ կեղծման ռիսկը,
►ապահովում է տվյալների ավելի անվտանգ, արագ և մատչելի մշակումն ու փոխանցումը,
►կրճատում է փաստաթղթերի շրջանառության կամ վավերացման ուշացումները,
►ստեղծում է հնարավորություններ՝ տվյալների վրա հիմնված ավելի խորքային վերահսկողության և վերլուծությունների համար,
►թեթևացնում է վարչարարական բեռը թե՛ ՍԱՏՄ-ի, թե՛ մասնավոր հատվածի վրա։
Բուսասանիտարական ենթահսկման ապրանքներ ներմուծողները նույնպես կօգտվեն ePhyto համակարգի ներդրումից, քանի որ IPPC հարթակը նրանց կմիացնի ավելի քան 200 երկրների արտադրողների հետ, իսկ բուսասանիտարական վկայականները ակնթարթորեն կուղարկվեն ՍԱՏՄ-ին՝ արագացնելով ներմուծման վերահսկողությունը։