«ԼՈՌՎԱ ԿԱԹ» ՍՊԸ-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«ԼՈՌՎԱ ԿԱԹ» ՍՊԸ-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2025-07-29 13:39:21
68
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, Տաշիր), իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ:
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
► «Պանիր Լոռի» ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ),
► «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ»,
► «Հատիկավոր կաթնաշոռ» արտադրատեսակի նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու(C16:0) լաուրինաթթու(C12:0), օլեինաթթու(C18:1) միրիստինաթթու(C14:0), լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու(C14:0), կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին և «ԱՑԽՄ»,
►«Սերուցք» ապրանքատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ»,
► «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը` «կաթնայուղի զանգվածային մաս» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
► կաթի հավաքման սառնարանների տեղակայման շինության կառուցվածքը չի ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը տարածք (սառեցման համակարգերը տեղադրված են դրսում),
► առաստաղն անհարթ է և ապահովված չի եղել մասնիկների թափվելուց, պաշտպանված չի եղել բորբոսի առաջացումից,
► արտադրական շինության հատակի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
► տեղամասից տեղամաս տանող միջանցքների և արտադրական տեղամասերի պատերն անհարթ են եղել, դռան կողքերը՝ քանդված,
► սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների մակերեսները եղել են անհարթ, քերծվածքներով, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
► կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,
► սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ,
► տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիրեր,
► հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն։







